4 սեպտեմբերի 2010 - 13:29 AMT
Զաֆեր Յորուք. Հրանտ Դինքի սպանությունը թույլ տվեց թուրքերին արտահայտել իրենց ցասումը

«Հրանտ Դինքի սպանությունը մեծ ողբերգություն էր, սակայն, դա մի մեծ գործի նպաստեց. փողոց դուրս բերեց տասնյակ հազարավոր մարդկանց, որոնք իրենց բողոքը հայտնեցին կատարվածի առնչությամբ և իրենց ցասումն արտահայտեցին այդ առնչությամբ»,-ասել է թուրք փորձագետ Զաֆեր Յորուքը սեպտեմբերի 4-ին կայացած մամլո ասուլիսում: Ըստ փորձագետի, դա նպաստեց նաև «Հայեր, ներեք մեզ» ակցիայի կազմակերպմանը, որի շրջանակներում թուրք մտավորականության ներկայացուցիչները ստորագրվեցին Հայոց ցեղասպանության համար իրենց ներելու հայերին ուղղված կոչի տակ, որին միացել է նաև Յորուքը:

Անդրադառնալով հայերի հանդեպ վերաբերմունքին Թուրքիայում` Յորուքն ընդգծեց, որ «հայ» բառը Թուրքիայում կամ որպես հայհոյանք է օգտագործվում, կամ որպես ծաղրի ու կատակի առարկա, «սակայն, ըստ Ֆրոյդի, հենց կատակի միջոցով կարելի է արտահայտել իսկական ցավը»:

Յորուքը նշել է նաև, որ պատարգի մատուցումը Սուրբ Խաչ եկեղեցում առաջին քայլն է, ուղղված կրոնի ազատության հարցում ազգային փոքրամասնությունների իրավունքների հաստատմանը: «Այդ թույլատվությունը երկարատև պայքարի արդյունք է: Ավելի լավ է, որ եկեղեցում տարին մեկ անգամ պատարագ մատուցվի, թեկուզ առանց խաչի, քան ընդհանրապես չմատուցվի»,-ասել է Զաֆեր Յորուքը: