Հայաստանի ՊՆ լրատվության և հասարակության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը հերքել է տեղեկատվությունն այն մասին, որ ադրբեջանական անօդաչու ինքնաթիռներն, իբր, ազատորեն թռչում են Ղարաբաղի օդային տարածքում և նույնիսկ մտել են Գորիսի տարածք, իսկ հայկական ՀՕՊ ուժերն անկարող են եղել նրանց հարվածել: Նշենք, որ ադրբեջանական անօդաչու ինքնաթիռները իսրայելական արտադրության են:
Ավետիսյանի խոսքերի համաձայն, իրականում մոտ երկու ամիս առաջ ադրբեջանական կողմը Արցախի օդային սահմանի մոտ փորձարկում էր անօդաչու թռչող սարքերը: Այն բանից հետո, երբ ԼՂՀ ՀՕՊ ուժերը նկատեցին և նշանառության տակ առան` ինքնաթիռը հեռացավ այդ տարածքից: «Իսկ տեղեկատվությունն այն մասին, իբր ադրբեջանական անօդաչու ինքնաթիռներն ազատորեն թռչում են ԼՂՀ օդային տարածքում և նույնիսկ մտել են Գորիսի սահմանից ներս` ասեկոսեներ են», - ընդգծել է ՀՀ ՊՆ լրատվության և հասարակության հետ կապերի վարչության պետը: Նա նաև ավելացրել է, որ ադրբեջանական անօդաչու ինքնաթիռը նկատելուց հետո ԼՂՀ ՀՕՊ ուժերը մարտական պատրաստության են բերվել: