10 սեպտեմբերի 2010 - 14:27 AMT
Հայաստանում բացվել է նորագույն անասնաբուժական հակահամաճարակային կենտրոն

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Երևանի Էրեբունի համայնքում գտնվող կենտրոնական անասնաբուժական լաբորատորիայի բացմանը։ Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոնը վերակառուցվել է «Թռչնագրիպի դեմ պայքարի» ծրագրի շրջանակներում` իրականացված Համաշխարհային բանկի, Ճապոնիայի տեխնիկական աջակցության PHRD և Թռչնագրիպի ու մարդու գրիպի կազմակերպության Բազմադոնորային հիմնադրամի դրամաշնորհների ֆինանսավորմամբ (1,5 միլիոն ԱՄՆ դոլար)։ Բացման արարողությանը ներկա էր նաև Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Ֆիլիպ լը Ուերուն։ Տիգրան Սարգսյանը և Ֆիլիպ լը Ուերուն շրջել են շենքում, ծանոթացել լաբորատորիաների տեխնիկական հագեցվածության հնարավորություններին և աշխատանքային պայմաններին։

«Հայաստանին հինգ տարի կպահանջվի եվրոպացի գործընկերների հետ համագործակցության համար, հավաստագրում անցնելու և համաշխարհային ճանաչում ստանալու նպատակով, ինչը թույլ կտա մեր արտադրողներին, ունենալով կենտրոնի եզրակացությունը, դուրս գալ միջազգային շուկա: Դա շատ կարևոր է Հայաստանի տնտեսության զարգացման համար, այդ թվում արդյունաբերության ու գյուղատնտեսության համար»,-ասել է վարչապետը: Վարչապետը նշել է նաև, որ երկրում արվել է առաջին քայլը հանրապետությունում թունավորումների դեպքերին օպերատիվ արձագանքման համար, ինչը թույլ կտա կանխարգելիչ միջոցառումներ մշակել նման ռիսկերի նվազեցման համար:

Հիմնանորոգված և արդիականացված կենտրոնը նախկին 700 քմ տարածքի փոխարեն այժմ զբաղեցնում է մոտ 3200 քմ տարածք, և յուրաքանչյուր բաժանմունք ունի իր առանձին լաբորատորիան։ Այն լիովին համապատասխանում է կենսաբանական անվտանգության երկրորդ կարգի լաբորատորիայի և հավաստագրման միջազգային չափորոշիչներին։ Լաբորատորիայի գործունեության երկակի ուղղվածությունը` սննդի անվտանգության և անասնաբուժական հիվանդությունների ախտորոշում, հնարավորություն է տալիս անհրաժեշտ թեստերի միջոցով հայտնաբերել կենդանիների և սննդի մեջ առկա ամենավտանգավոր ախտածին նյութերը։ Համաձայն հավատարմագրման պահանջների` ներդրվել է որակի վերահսկողության համակարգը։ Կենտրոնին տեխնիկական օժանդակություն և անհրաժեշտ սարքավորումներ են տրամադրել Հունաստանի կառավարությունը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը, ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը, ԱՄՆ Պաշտպանության սպառնալիքների նվազեցման գործակալությունը։

Իր հերթին Ֆիլիպ լը Ուերուն հավելեց, որ սա առաջին, սակայն անհրաժեշտ քայլն է Հայաստանի համար միջազգային չափանիշներին հասնելու ճանապարհին, «որից հետո նրա առջև կբացվեն միջազգային շուկայի դռները»: Ըստ նրա, այստեղ աշխատող գյուղացիները պետք է վստահ լինեն, որ իրենց կենդանիներն առողջ են, ինչն իր հերթին թույլ կտա ապահովել մարդկանց առողջությունը: Այդպիսով, առաջին հերթին, ապահովվում է հանրության առողջությունը, իսկ հետո` տնտեսության առողջությունը»,-գտնում է ՀԲ փոխնախագահը: «Մենք հավատում ենք, որ անասնաբուծությունը երկրի տնտեսության զարգացման ուղղություններից մեկն է արտահանման ծավալների ավելացման առումով»,-ասել է նա: Նա հույս է հայտնել, որ ՀՀ և ՀԲ համագործակցությունը տևական բնույթ կկրի: