Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Բուլղարիայի տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի նախարար, հայ-բուլղարական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ալեքսանդր Ցվետկովին, ով Երևանում է սեպտեմբերի 9-10-ը հիշյալ հանձնաժողովի 6-րդ նիստի անցկացման առիթով:
Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Բուլղարիայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական ընդլայնումը բոլոր բնագավառներում` քաղաքական, տնտեսական, մշակութային: Այդ գործում, ըստ Հանրապետության ղեկավարի, էական է միջկառավարական հանձնաժողովի դերը, որը զգալի աշխատանք է կատարում հատկապես տնտեսական ոլորտում փոխգործակցության զարգացման, երկու երկրների գործարարների միջև շփումների ակտիվացման և նոր ծրագրերի իրագործման ուղղությամբ:
Հանրապետության ղեկավարի խոսքով, երկու երկրների միջև առկա իրավապայմանագրային բավականին ընդգրկուն դաշտը լավ հնարավորություն է` զգալիորեն ընդլայնելու առևտրատնտեսական կապերը: «Լիահույս եմ, որ հանձնաժողովի այս նիստը նոր հնարավորություններ կընձեռի երկու երկրների թե' պետական մարմիններին, և թե' գործարար շրջանակներին` գտնելու համագործակցության նոր եզրեր», - ընդգծել է նախագահը:
Միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ալեքսանդր Ցվետկովը նախագահ Սարգսյանին ներկայացրել է հանձնաժողովի երևանյան նիստի ընթացքում կարևոր մի շարք հարցերի շուրջ տեղի ունեցած քննարկումները, որոնք ներառել են տրանսպորտի, գյուղատնտեսության և հայ-բուլղարական փոխգործակցության տեսանկյունից հեռանկարային այլ ոլորտներ: Նա վստահեցրել է, որ այդ քննարկումների և ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքները մոտ ապագայում արդեն տեսանելի կլինեն: