10 սեպտեմբերի 2010 - 16:40 AMT
Հոկտեմբերի 1-ից կվաճառվեն ավտոմեքենաների սեփականատերերի ապահովագրերը

Հայաստանում հոկտեմբերի 1-ից վաճառվելու են պարտադիր ավտոապահովագրման ապահովագրեր: Այս մասին տեղի ունեցած սեմինարի ընթացքում լրագրողներին հայտնել է ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի և ֆինանսական կայունության քաղաքականության վարչության պետ Վահե Վարդանյանը: Սեմինարը նվիրված էր Հայաստանում ընդունված «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործման պատասխանատվության պարտադիր ապահովագրման մասին» օրենքին:

«Օրենքը կգործի 2011 թ. հունվարի 1-ից: Բոլոր ավտոտեսուչները «Հայաստանի ավտոապահովագիրների բյուրոյի» բազայի մուտքի թույլտվություն կունենան և կարող են ստուգել ավտոմեքենայի ապահովագրի առկայությունը օնլայն ռեժիմով», - ասել է նա:

Այս համատեքստում վարչության պետն ավելացրել է, որ ԱՊՀ մի շարք երկրների փորձը ցույց է տալիս, որ վարորդները հաճախ կեղծ ապահովագրեր են պահում, այդ պատճառով որոշում է ընդունվել ավտոտեսուչներին տրամադրել ապահովագրված մեքենաների ցուցակը:

ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի զարգացման բաժնի ղեկավար Աննա Վարդիկյանն ասել է, որ հեռանկարում քննարկվելու է նաև Green Card համակարգին Հայաստանի անդամակցության հարցը, որը հեշտացնում է տրանսպորտային միջոցների տեղաշարժը երկրից երկիր` միջազգայնորեն ճանաչված ապահովագրական ծածկույթի ներդրման օգնությամբ: Երաշխավորվելու է նաև այն, որ արտասահմանյան մեքենաների վարորդի մեղքով տուժած ՀՀ քաղաքացիները չեն հայտնվի անբարենպաստ պայմաններում:

Green Card-ը կարգավորվում է եվրահրահանգներով, որոնք սահմանում են համակարգի հիմնական ենթակառույցներն ու բնութագրիչները և պարտադիր են համակարգի մասնակից պետությունների համար: