10 սեպտեմբերի 2010 - 16:47 AMT
Հայերն ու վրացիները Երևանում քննարկեցին հրահանգիչների պատրաստման մեթոդները

Այսօր Երևանում ՄԱԿ «Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարում» զարգացման ծրագրի շրջանակներում կայացավ հայ-վրացական աշխատանքային սեմինար «Հրահանգիչների պատրաստման մեթոդաբանությունը» թեմայով: Սեմինարը բաղկացած էր զեկույցներից և քննարկումներից և ընթացավ չեխ ու լեհ փորձագետների հովանու ներքո: Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի ու Վրաստանի գերատեսչությունների ներկայացուցիչներ, որոնք ներգրավված են սահմանների կառավարման գործում:

Միջոցառման նպատակն է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի սահմանների համալիր կառավարման սկզբունքների գործնական մեխանիզմներ ներդնելն է, ինչպես նաև զարգացնել ու ընդլայնել ներգերատեսչական, միջգերատեսչական և միջազգային համագործակցությունը, մասնավորապես, Հարավային Կովկասի, Եվրոպական Միության և միջազգային կառույցների երկրների միջև, ինչն ուղղված է մարդկանց ու ապրանքների օրինական տեղափոխման ապահովմանն ու միևնույն ժամանակ` ցանկացած տեսակի անօրինական գործունեությունից պետական սահմանների պաշտպանվածությանը:

«Սա մեր առաջին սեմինարն է Երևանում, մինչ այդ մենք արդեն չորս սեմինար ենք անցկացրել Վրաստանում»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է վրացական կողմից ծրագրի ղեկավար Նիկոլոզ Սամխարաձեն: Նրա խոսքով, Վրաստանում անցկացված սեմինարին վրացական կողմից մասնակցում էին ներքին գործերի, ֆինանսների նախարարությունների և մաքսային ծառայության ներկայացուցիչներ, իսկ հայկական կողմից` սահմանային ու մաքսային ծառայությունների ներկայացուցիչներ: Դրա հետ մեկտեղ նա նկատել է, որ մասնակիցների մեծ մասը գոհ էր սեմինարներից: «Մենք ծրագրով հինգ մոդուլ ունենք և յուրաքանչյուր մոդուլում նախատեսված է վրացի ու հայ գործընկերների փոխգործակցություն: Թրենինգի մոդուլով մենք դեռ 3-4 սեմինար կանցկացնենք Հայաստանում ու ևս 3-4 սեմինար` Վրաստանում»,- ասել է Սամխարաձեն: Ընդ որում, նա հաղորդել է, որ ծրագրի հաջորդ սեմինարը կկայանա հոկտեմբերին Թբիլիսիում:

Սեմինարից հետո ծրագրի մասնակիցներին հավաստագրեր հանձնվեցին: