Սեպտեմբերի 10-ին ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն անց է կացրել նիստ` «Հարավային Կովկասի ռազմաքաղաքական նոր իրողությունները և այդ համատեքստում ղարաբաղյան կարգավորման շուրջ հնարավոր զարգացումները» օրակարգային հարցով:
Հիմք ընդունելով քննարկման ենթակա հարցի կարևորությունը, նիստն անց է կացվել մասնակիցների կազմի ընդլայնված ձևաչափով: Բացի պատգամավորներից, հրավիրված էին նաև գործադիր իշխանության պատկան մարմինների, խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի պատասխանատուներ, վերլուծաբաններ ու փորձագետներ:
Հանձնաժողովի նիստին ներկա էր ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:
Շարունակելով նման քննարկումների վաղուց արդեն ձևավորված ավանդույթը, ներածական խոսքում նշեց հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը, մտադիր ենք համատեղ ուժերով վերստին անդրադառնալ տարածաշրջանի առկա իրողություններին` հստակեցնելու համար օրենսդիր ու գործադիր իշխանության և երկրում գործող քաղաքական ուժերի պատկերացումներն ու տեսակետները ղարաբաղյան կարգավորման հեռանկարների վերաբերյալ, ճշտելու մեր բոլորի առաջիկա անելիքներն այդ ուղղությամբ:
Նիստում քաղաքական ուժերի տեսակետները ներկայացրել են «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահության անդամ, ԱԺ նախագահի տեղակալ Արթուր Թովմասյանը, Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, ԼՂ կոմկուսի կենտկոմի 1-ին քարտուղար Հրանտ Մելքումյանը, Արցախի Արմենական կուսակցության նախագահ Բորիս Առուշանյանը, Արցախի ժողովրդավարական կուսակցության կողմից` պատգամավոր Վահրամ Աթանեսյանը: Ելույթներով հանդես են եկել պատգամավորներ Վիտալի Բալասանյանը և Սերգեյ Ղազարյանը, քաղաքական վերլուծաբաններ Հրաչյա Արզումանյանը և Դավիթ Բաբայանը, արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը և պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը:
Բոլոր ելույթներում էլ իրադարձությունների հետագա զարգացման գնահատումներում նրբերանգային տարբերություններով հանդերձ, միասնական էր այն տեսակետը, որ ԼՂՀ-ն` որպես ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության իրական կողմ, անպայմանորեն պետք է լիարժեք ու լիիրավ մասնակցի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացին և, որ առանց հաշվի առնելու երկրի ժողովրդի կամքն ու իշխանությունների դիրքորոշումը, հազիվ թե հնարավոր լինի հասնել խնդրի վերջնական և արդարացի հանգուցալուծման: Հնչեցին նաև մի շարք գործնական առաջարկություններ ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ երկրի օրենսդիր ու գործադիր իշխանությունների, ինչպես և հասարակական-քաղաքական ուժերի առաջիկա անելիքների վերաբերյալ: Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց քարոզչական աշխատանքների ընդլայնման և այդ ուղղությամբ ռեսուրսների համադրման անհրաժեշտությանը:
Նիստի աշխատանքներն ամփոփեց Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: Այս մասին հաղորդում է ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունը: