13 սեպտեմբերի 2010 - 14:25 AMT
ՀՀ ՊՆ-ն պարզում է YouTube-ում տեղադրված տեսանյութի հավաստիությունը

Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, «YouTube» ցանցում շրջանառվում էր մի տեսանյութ, որտեղ ճնշումների, ծեծի և ստորության են ենթարկվում ՀՀ ԶՈւ համազգեստով երիտասարդներ: Տեսանյութի ցածր որակը թույլ չի տալիս պարզորոշ տեսնել դեմքեր, հստակ լսել հայերեն խոսքեր կամ արտահայտություններ:

Սակայն, քանի որ շրջանառվող տեսանյութում պատկերվածները Հայկական բանակի համազգեստով են, այն մեծ վրդովմունք է առաջացրել հասարակության շրջանում:

ՀՀ պաշտպանության նախարարությունը խստագույն դատապարտում է ՀՀ զինված ուժերի վարկաբեկմանն ու հեղինակազրկմանն ուղղված նման կարգի նյութերի պատրաստումը և կանխամտածված տարածումը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը համապատասխան միջոցներ է ձեռնարկել տեսանյութի հավաստիությունը ճշտելու, պատկերվածների ինքնությունը պարզելու և հեղինակներին հայտնաբերելու, բռնություններ կիրառողներին պատժելու ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը: