14 սեպտեմբերի 2010 - 11:17 AMT
ԼՂՀ ՊԲ. Ադրբեջանն արհամարհում է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ առաքելության ջանքերը

Ադրբեջանական լրատվամիջոցները սեպտեմբերի 13-ին, լուր են տարածել, թե իբր սեպտեմբերի 11-ին շփման գծի հյուսարևելյան հատվածում հակառակորդի կողմն է անցել մի քանի հոգուց բաղկացած դիվերսիոն խումբ, որի անդամներից մեկը գերվել է ադրբեջանական ստորոբաժանումների կողմից:

ԼՂՀ ՊԲ մամլո ծառայությունից հաղորդում են, որ տարածված լուրը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը և ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունն է:

Նման միջադեպ չի արձանագրվել նաև հայ ադրբեջանական սահմանագծի ամբողջ երկայնքով:

Այս ապատեղեկատվությունը հերթական անգամ վկայում է, որ ադրբեջանական իշխանությունները, հավատարիմ մնալով որդեգրած գործելաոճին, շարունակում են կեղծ և ստահոդ լուրերի միջոցով ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում, թյուր կարծիք ստեղծել միջազգային հանրության շրջանում, և արհամարհում են ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ առաքելության ջանքերը, հաղորդում է ԼՂՀ ՊԲ մամլո ծառայությունը: