Ընթացիկ տարում ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի և անասնաբուժության անվտանգության պետական ծառայությունը 150 ստուգում է անցկացրել, որի արդյունքում տնտեսվարող սուբյեկտները 15 մլն դրամ տուգանք են մուծել, լրագրողներին հայտնել է ծառայության պետ Գրիշա Բաղյանը` Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքերի համաձայն, ստուգված 150 տնտեսվարող սուբյեկտներից միայն 5-ի մոտ չեն հայտնաբերվել խախտումներ, իսկ մյուսների մոտ եղել են վտանգավոր կամ ժամկետանց սննդամթերք, բացակայել են արտադրման ժամկետի մասին գրանցումը, սանիտարական նորմերի խախտումներ են նկատվել և այլն:
Բացի այդ, ԳՈՒՄ-ի տարածքում գործող մսամթերքի իրացման կետերում կատարված ստուգումների արդյունքնում բացահայտվել են` մսի իրացման դեպքեր առանց համապատասխան փաստթղթերի առկայության, տեխնիկական անվտանգության կանոնների խախտման դեպքեր, ջերմաստիճանի ռեժիմի խախտումներ, արևի ճառագայթների անմիջական առկայություն մսի վրա և այլն: «Մսամթերքի առևտուրը դադարեցվել է, սակայն ներկա պահին 18 կետերից 12-ը կրկին բացվել է», - ասել է Գրիշա Բաղյանը:
Ինչ վերաբերում է վերջերս «Գեղամա» ռեստորանում 41 մարդու թունավորման դեպքերին, Բաղյանը հայտնել է, որ այդ միջադեպի պատճառը կերակուրի մեջ եղած մանրէների առկայությունն էր, որն առաջանում է կենդանի օրգանիզմում` բորբոքային գործընթացում: Այսինքն` թունավորման պատճառը ոչ թե սննունդն է եղել, այլ մարդկային գործոնը: