
«Մենք կոչ ենք անում խորհրդարանական քաղաքական ուժերին կողմ քվեարկել «Ժառանգության» ներկայացրած «ԼՂՀ անկախության ճանաչման մասին» օրինագծին»,-ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
Ըստ Սաֆարյանի, մինչ օրս Արցախի անկախության չճանաչված լինելու փաստը աշխատում էր հայկական կողմի դեմ, քանի որ արդեն որերորդ անգամ միջազգային ատյանները ադրբեջանամետ բանաձևեր են ընդունում: «Եթե այդ գործընթացը շարունակվի, ապա ղարաբաղյան կարգավորումը կրկին կախված կլինի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կամքից»,-ասել է խմբակցության ղեկավարը՝ հավելելով, որ Ադրբեջանը բավական լավ է օգտագործում այս անորոշ իրավիճակը՝ առաջ տանելով իր բանաձևերը միջազգային կառույցներում:
Ինչպես նշել է Սաֆարյանը, կոալիցիոն քաղաքական ուժերի հիմնավորումները ԼՂՀ անկախության ճանաչման վաղաժամ լինելու մասին, համոզիչ չեն:
Իր հերթին ՀՅԴ խմբակցության պատգամավոր Հրայր Կարապետյանը ԼՂՀ անկախությունը ճանաչելու փոխարեն առաջարկում է ռազմաքաղաքական դաշինք կնքել ՀՀ ու ԼՂՀ միջև: «Այդ դաշինքը կմոտեցնի մեզ ԼՂՀ անկախության ճանաչմանը: Այդ քայլով Հայաստանը ցույց կտա աշխարհին, որ հանդիսանում է Արցախի անվտանգության երաշխավորը և ամեն ինչ անելու է ԼՂ անկախության ճանաչման հասնելու համար»,-ասել է նա:
Կարապետյանը հավելել է նաև, որ Հայաստանը, ինչպես Թուրքիան, պետք է առաջնորդվի «մեկ ազգ՝ երկու պետություն» սկզբունքով: