
«Մենք պայքարելու ենք այնքան ժամանակ, մինչև ժողովուրդն իրական իշխանություն ձևավորի»,- ՀԱԿ ցույցի ժամանակ հայտնել է ՀՀ նախկին ռազմական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը: Նրա խոսքով, այն քաղաքական ուժերը, որոնք դժգոհ են ՀԱԿ գործողություններից և միևնույն ժամանակ ոչինչ չեն անում, երկարացնում են երկրի ներկայիս ղեկավարության ներկայության ժամկետը:
Խոսելով հայկական բանակի խնդիրների մասին` Գագիկ Ջհանգիրյանը նկատել է, որ ինքը` որպես նախկին ռազմական դատախազ, ձեռնպահ է մնում բանակում տեղի ունեցող դեպքերի մեկնաբանությունից, որպեսզի վատաբանելու առիթ չտա թշնամիներին: «Մեր բանակի հիմնական խնդիրները սկսվեցին 2008 թվականի մարտի 1-ին, երբ երկրի ղեկավարությունը բանակին դիմեց սեփական իշխանության պահպանման համար, և բանակը հանցագործների վերածվեց: Իշխանությունները ոչ միայն չդատապարտեցին սպանությունների մեղավորներին, այլև խրախուսեցին նրանց: Իսկ այսօր իշխանությունները գիտակցում են, որ իրենք քրեականացրել են բանակը»,- ասել է Ջհանգիրյանը, հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը: