19 սեպտեմբերի 2010 - 17:09 AMT
Թուրքիան հավատարիմ է մնում իրեն. ոստիկանները Սբ Խաչ եկեղեցու տարածքից դուրս հանեցին պատարագից առաջ եկեղեցին դիտող զբոսաշրջիկներին

Այսօր Թուրքիայի ժամանակով ժամը 11:00-ին (երևանյան ժամանակով ժամը 13:00-ին) Վանի Սուրբ Խաչ եկեղեցում մեկդարյա դադարից հետո առաջին անգամ պատարագ է մատուցվելու: Այն մատուցվելու է Պոլսո պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի ձեռամբ: Տեղի իշխանությունները լավ են պատրաստվել եկեղեցում կատարվելիք արարողությանը. դեռ օդանավակայանում Վան այցելողներին են բաժանում նկարազարդ ու գունագեղ փոքրիկ գրքույկներ, որում պատկերված են քաղաքը և դրա խորհրդանիշները` Վանա կատուն, տառեխը: Իսկ գրքույկներում տեղ գտած տեղեկատվությունը քաղաքի ծագման ու պատմական անցյալի մասին ամբողջությամբ աղավաղված է:

Աթամար կղզում Սուրբ Խաչի շրջակայքը դեռ նախօրեին լի էր զբոսաշրջիկներով, որոնց մեծ մասը սփյուռքահայեր էին` Ստամբուլից, Լոս Անջելեսից, Փարիզից և եվրոպական այլ քաղաքներից: Վանից դեպի Աղթամար կղզի զբոսաշրջիկներին տեղափոխում են զբոսանավերը, իսկ արդեն կղզում նրանց դիմավորում են պահակային ծառայության աշխատակիցները: Դեպի եկեղեցի տանող աստիճանների մոտ ցուցանակ է փակցված, որը տեղեկացնում է, որ Սուրբ Խաչ թանգարանի մուտքը արժե 3 թուրքական լիրա (2 ԱՄՆ դոլար):

Եվ այդ թանգարանում այսօր մեծաթիվ սփյուռքահայեր դիտելու են հայ հոգևորականների մատուցած պատարագը: Թանգարան-եկեղեցու բակում կա սրճարան ինչպես նաև կանանց ու տղամարդկանց համար նախատեսված զուգարաններ:

Խաչը, որի գմբեթին տեղադրելու շուրջ արդեն երկար ժամանակ վեճ է գնում, տեղադրված է ներքևում, եկեղեցու մուտքի մոտ: Նախօրեին սփյուռքահայերը մոտենում էին խաչին, համբուրում այն ու լուսանկարվում: Որոշ ժամանակ անց տարածքը պահպանող ոստիկանները բոլորին հայտարարեցին, որ դուրս գալու ժամանակն է` «Թանգարանը փակվում է» և բոլորի հետևից ընկնելով ասում էին` «դուրս եկեք տարածքից»: Բոլորը դժգհելով ու հնազանդվելով դուրս էին գալիս տարածքից:

Նշենք, որ թուրքական իշխանությունները խոստացել էին եկեղեցու գմբեթին խաչ տեղադրել, սակայն այդպես էլ չկատարեցին խոստումը: Նախօրեին Վանի քաղաքապետը հայտարարել է, որ խաչը եկեղեցու գմբեթին կտեղադրվի մեկ և կես ամիս անց: