2 հոկտեմբերի 2010 - 16:43 AMT
Վանաձորում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը հանդես է գալիս հետաքրքիր նախաձեռնությամբ

Հոկտեմբերի 2-ին Վանաձորի կենտրոնական հրապարակում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը հանդես է գալիս հետաքրքիր նախաձեռնությամբ:

Հրապարակում կկայանի «Կանաչ ավտոբուսը», որը յուրահատուկ, երեխաների կողմից նկարազարդված, էկոլոգիական գրականությամբ և ֆիլմերով զինված ավտոբուս է: Այն ամբողջ ամառ շրջել է Հայաստանի տարբեր մարզերում և տեղի բնակչությանն ու մասնավորապես երեխաներին «տվել» բնապահպանական գիտելիքներ: Վանաձորի հրապարակում երեխաները նկարակալների վրա կնկարեն առաջիկա Համահայկական նկարչական օրվա շրջանակներում հայտարարված մրցույթի թեմաներով` իմ երազած կենդանաբանական այգին, իմ հայրենի բնությունը, SOS Վանաձորի երեխաների նկարները կմասնակցեն մրցույթին և կտեղադրվեն Նկարչական օրվա կայքէջում:

Այդ օրը Վանաձոր քաղաքում մեկ այլ միջոցառում տեղի կունենա . թիվ 10 դպրոցի աշակերտներն իրենց ուժերով հավաքած թղթե թափոնն ու պլաստիկե շշերը կհանձնեն Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին` հետագայում վերամշակված թուղթ ստանալու և իրենց քաղաքի կանաչապատման ծրագրին մասնակցելու համար: