4 հոկտեմբերի 2010 - 13:41 AMT
Հայ ուսանողները պահանջում են ԵԱՀԿ-ից առաքելություն գործուղել Ադրբեջանի կողմից օկուպացված ԼՂՀ տարածքներ

Երևանի պետական համալսարանի ուսանողները բողոքի ակցիա են կազմակերպել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մոտ: Ուսանողները պահանջում են ԵԱՀԿ-ից փաստահավաք առաքելություն գործուղել Նախիջևան և ԼՂՀ Շահումյանի շրջան՝ տեղում պարզելու համար հայ մշակույթի հուշարձանների վիճակը:

«ԵԱՀԿ-ն, տեղի տալով ադրբեջանական կողմի կոչերին, դաշտային առաքելություն է գործուղում ԼՂՀ: Միթե՞ ԵԱՀԿ-ն ու այլ միջազգային կազմակերպություններին չի հետաքրքրում հայ մշակույթի հուշարձանների, մասնավորապես, Ջուղայի հայկական խաչքարերի, ճակատագիրը: Ադրբեջանի շովինիստական իշխանությունները ջանք չեն խնայում և ոչնչացնում են ցանկացած հայկական հետք ԼՂՀ օկուպացված տարածքներում»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Ցոլակ Ակոբյանը:

Ուսանողները ԵԱՀԿ երևանյան գրասենյակին են փոխանցել ԵՊՀ ուսխորհրդի գրավոր հայտարարությունը, որտեղ կոչ են անում ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին ու գործող նախագահին ուշադրություն դարձնել և միջոցներ ձեռնարկել՝ ուսումնասիրելու համար իրավիճակը Ադրբեջանի կողմից գրավված տարածքներում: