4 հոկտեմբերի 2010 - 14:13 AMT
ՎԶԵԲ-ը 5 մլն դոլար է տրամադրել Արարատբանկին

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և Արարատբանկը ստորագրել են նոր վարկային պայմանագիր, որի արդյունքում 5 միլիոն ԱՄՆ դոլար կտրամադրվի Հայաստանի փոքր և միջին բիզնեսի վարկավորմանը:

Պայմանագիրը ստորագրել են Արարատբանկի վարչության նախագահ պարոն Աշոտ Օսիպյանը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Երևանի գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը:

Անդրադառնալով Երևանում այսօր ստորագրված պայմանագրին, Արարատբանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանն ասել է. «Միասնական և համագործակցված աշխատանքի արդյունքում մենք ձեռք ենք բերել ոչ միայն միջազգային չափորոշիչներին համապատասխանող բանկային տեխնոլոգիաներ, կառավարման համակարգեր, այլև կուտակել ենք մեծ փորձ, որը ծառայում է ի շահ մեր հաճախորդների և Արարատբանկի հեղինակության ու վստահության: Ես համոզված եմ, որ մենք կշարունակենք մեր գործակցությունը` ունենալու համար նոր և կայուն զարգացման էլ ավելի լայն հորիզոններ», հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: