12 հոկտեմբերի 2010 - 15:39 AMT
Երևանում բացվել է Սուրբ Սարգիս եկեղեցու «Արարատ» միության գրասենյակը

Հոկտեմբերի 12–ին առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հարևանությամբ բացվեց առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու «Արարատ» միության գրասենյակը: Կենտրոնի բացմանը տնօրհնեքի արարողություն կատարեց առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Գրասենյակի վերանորոգման աշխատանքներն իրականացվել են միության անդամների և աջակիցների նվիրատվությամբ:

«Արարատ» միության հոգևոր հովիվ Տ. Հակոբ քահանա Խաչատրյանի նախաձեռնությամբ միության անդամներն այցելում են սոցիալապես անապահով հաստատություններ, կազմակերպում են հոգևոր համերգային միջոցառումներ, հանդիպումներ, քննարկումներ հասարակության տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ, ուխտագնացություններ, ընդհանրական աղոթքներ և այլն:

Միությունը 1989թ. հիմնադրել է Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը իր փոխանորդության օրոք: Միությունն ունի տարբեր ենթակառույցներ`խնամակալների խորհուրդ, 2009-ից` գործում է «Արարատ» երգչախումբը, ինչպես նաև սոցիալական, հոգևոր, մշակութային ծրագրեր իրականացնող բաժինները: