11 հուլիսի 2001 - 22:52 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ «ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՈՎ» ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԵՋ ԳՐԱՎՈՒՄ Է ԵՐՐՈՐԴ ՏԵՂԸ
. Հայաստանը «մարդու կարողության զարգացման ցուցանիշով» 72-րդ տեղում է աշխարհում եւ երրորդ տեղում է ԱՊՀ երկրների մեջ: Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի զեկուցման մեջ: Ինչպես հաղորդում է «Առկա» գործակալությունը, «միջին մակարդակի զարգացման» խմբում, որտեղ մտնում են ԱՊՀ երկրները, Հայաստանը իր վարկանիշով զիջում է Բելոռուսին եւ Ռուսաստանին: Նրանք համապատասխանորեն գրավել են 53-րդ եւ 55-րդ տեղերը: Հայաստանից հետո գալիս են Ուկրաինան` 74-րդ, Ղազախստանը` 75-րդ, Վրաստանը` 76-րդ, Ադրբեջանը` 79-րդ: «Մարդկային կարողությունների զարգացման ցուցանիշով», ըստ ՄԱԿ-ի փորձագետների, այս տարի առաջինը Նորվեգիան է, որին հետեւում են Ավստրալիան, Կանադան, Շվեդիան, Բելգիան, ԱՄՆ-ը, Իսլանդիան, Նիդեռլանդները, Ճապոնիան եւ Ֆինլանդիան: 162 երկրների ցուցակն ավարտում է Սյեռռա-Լեոնեն: Նշենք, որ «մարդկային կարողությունների զարգացման ցուցանիշի» հաշվարկի ժամանակ հաշվի են առնվել բնակչության եկամուտի ցուցանիշը, առողջապահության եւ կրթության համակարգի որակը, ինչպես նաեւ միջին երկարակեցության մակարդակը: