Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հոկտեմբերի 14-ին մասնակցել է Հայ օգնության միության 100-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր նիստին: «Իմ համոզմամբ, Հայ օգնության միությունը Հայկական աշխարհի յուրատեսակ մանրակերտերից մեկն է, ավելին այդ աշխարհի առաջին ու ամենակարևոր հաստատություններից մեկն է: Իր գոյության ու գործունեության միջոցով է այն փաստում համընդգրկուն, բազմազան ու կենսունակ Հայկական աշխարհի գոյությունը, որտեղ գործելու ու զարգանալու խնդիրը 21-րդ դարի շարունակաբար փոքրացող աշխարհի իրողությունների պայմաններում նոր բովանդակություն է ստանում: Միայն Հայկական աշխարհում ենք կարողանալու պահպանել ու ամրացնել մեր ինքնությունը, Հայկական աշխարհի միջոցով ենք հաղթանակելու ազգերի ու քաղաքակրթությունների մրցակցությունում: Մենք այլ ճանապարհ չունենք: Դա են փաստում մեր անցյալի դասերն ու ներկայի իրողությունները:
Անցած հարյուրամյակը բովանդակ հայության համար եղել է հույսի ու հուսախաբության, մեծ հաղթանակների ու ծանրագույն փորձություններ հաղթահարելու յուրատեսակ շրջան: Հայկական աշխարհում ամրանում ու հզորանում են երկու հայկական պետականությունները, մեր երկրի անկախությունն ու ազատությունը արդեն դարձել են անշրջելի իրողություններ: Այդ գործում իր մեծ ներդրումն ունի նաև Հայ օգնության միությունը»,- նշել է վարչապետը` կառավարության անունից շնորհավորելով ՀՕՄ-ուհիներին:
2011թ. կլրանա Հայաստանի Հանրապետությունում ՀՕՄ-ի գործունեության 20-ամյակը: 1991թ. ՀՕՄ-ը գրանցվել է Հայաստանում, և այսօր շուրջ 1000 ՀՕՄ-ուհիներ գործում են Հայաստանի 57 քաղաքներում ու գյուղերում:
«Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ անցած տարիների ընթացքում, Հայաստանում, Արցախում և Ջավախքում կազմակերպության իրականացրած ծրագրերն աչքի են ընկել հասցեականությամբ, բարձր արդյունավետությամբ ու բացառիկ հաշվետվողականությամբ: Իսկ դա ՀՕՄ-ի կատարած աշխատանքների լավագույն գնահատականն է: Այսօր թե Հայաստանի կառավարությունը, թե ՀՕՄ-ը առավել կարևորում են կրթական և առողջապահական ծրագրերի իրականացումը: Ցանկանում եմ հավաստիացնել, որ մենք գնահատում ենք պետական կառույցների հետ Ձեր կողմից իրականացվող ծրագրերը»,- ընդգծել է Տիգրան Սարգսյանը` պատրաստակամություն հայտնելով այսուհետ միասին իրականացնելու այդ ծրագրերը` շեշտելով, որ նպատակը նույնն է` օժանդակել սոցիալապես առավել խոցելի խմբերին, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:
Հայ օգնության միությունը ստեղծվել է 1910թ. Նյու Յորքում: Այսօր Հայ օգնության միությունն այսօր գործում է աշխարհի 26 երկրներում և միավորում է 15.000 անդամների: