«Հայ-իրանական գործարար համաժողովը նոր խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների խորացման համար»,-ասել է Հայկական զարգացման գործակալության ներդրումների սպասարկման գնով տնօրեն Վալերի Շաբանովը՝ բացելով համաժողովը: Իրանից Հայաստան է ժամանել 22 ընկերությունների պատվիրակությունը: Իրանի պատվիրակության մեջ ընդգրկված են տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, որոնք հանդիպումներ կունենան էներգետիկայի, գյուղատնտեսության, տրանսպորտի ու կապի, քաղաքաշինության, էկոնոմիկայի նախարարություններում, Առևտրա-արդյունաբերական պալատում:
Ըստ նրա, այսօրվա դրությամբ Իրանը ՌԴ-ից հետո զբաղեցնում է երկրորդ տեղը Հայաստանում իր կապիտալի մասնակցությամբ ընկերությունների քանակով (818 ընկերություն): «Մեր երկրում բարենպաստ պայմաններ են ստեղծված իրանական ներդրումների համար»,-ասել է Շաբանովը: Նա կարևորել է նաև պարսկահայ համայնքի դերը երկկողմ համագործակցության զարգացման մեջ:
Անդրադառնալով առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը՝ Շաբանովը նշել է, որ «կա հսկայական ներուժ, որ խթանման կարիք ունի»: 2009-ին ապրանքաշրջանառությունը Իրանի ու ՀՀ միջև կազմել է 153 մլն դոլար, որոնցից 134 մլն ներկրման ոլորտում, 19 մլն՝ արտահանման: Հայաստանից Իրան է արտահանվում ալյումին, երկաթ, պողպատ, օրգանական և անօրգանական բաղադրիչներ, իսկ Իրանից Հայաստան՝ պլաստմասսա և պլաստմասսե իրեր, ապակի և այլն:
Իր հերթին Իրանի Առևտրի ու ներդրումների գործակալության ներկայացուցիչ, ENN-ի տնօրեն Սաեդ Բաբաին նշել է, որ իրանական պատվիրակության այցի նպատակն է ապահովել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը: Նա նաև հավելել է, որ Հայաստանն, իր մեծ ներդրումային ներուժով, կարող է հարևան երկրները միավորող առևտրատնտեսական կամուրջ դառնալ, մասնավորապես Ռուսաստանի ու Վրաստանի համար: Նա նաև ընդգծել է, որ Հայաստանում բարենպաստ պայմաններ են գործ հիմնելու համար, ուստի Իրանի առևտրի ու ներդրումների գործակալությունը մտադիր է իր բաժանմունքը բացել Հայաստանում: