15 հոկտեմբերի 2010 - 18:19 AMT
Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանն ընդունել է միջազգային կարգի ֆուտբոլի մրցավար Սարգիս Դեմիրճյանին

Հոկտեմբերի 15-ին Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանն ընդունել է միջազգային կարգի ֆուտբոլի նախկին մրցավար Սարգիս Դեմիրճյանին: Աշոտ Քոչարյանը սրտանց շնորհավորել է Դեմիրճյանին «Գիննեսի» գրքի համաշխարհային ռեկորդների վկայական ստանալու կապակցությամբ: Նա նշել է, որ այս նվաճումը յուրօրինակ է և ուրախություն ու բերկրանք է պատճառում հայ ժողովրդին:

Հանդիպման ընթացքում Սարգիս Դեմիրճյանը պատմել է դրվագներ իր աշխատանքային գործունեությունից և հաջողություններ մաղթել վերածնունդ ապրող Հայաստանի ֆուտբոլի հավաքականին միջազգային ասպարեզում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Լիբանանահայ ֆուտբոլային մրցավար Սարգիս Դեմիրճյանը 1962 թ. սեպտեմբերից մինչև 1983 թ. հուլիս ամիսը` 20 տարի 10 ամիս, ընդգրկված է եղել ՖԻՖԱ-ի միջազգային մրցավարների ցանկում: Երկու անգամ` 1964 և 1978թթ. Անգլիայում և Արգենտինայում անցկացված աշխարհի առաջնությունների ժամանակ նա եղել է տեսուչ: Սարգիս Դեմիրճյանը 29-ամյա պրոֆեսիոնալ գործունեության ընթացքում վարել է 826 պաշտոնական խաղ Լիբանանում և այլ երկրներում` Իրաք, Հորդանան, Եգիպտոս, Հայաստան, Թուրքիա, Սաուդյան Արաբիա, Կիպրոս, Թաիլանդ, Պարսկաստան, Միացյալ Արաբական Էմիրություններ: Նրա մրցավարությունն արժանացել է մասնագետների բարձր գնահատանքին: