«Եթե նախկինում երեխաները հնարավորություն ունենային զետեղել Ինտերնետում դպրոցում բռնության դրվագները պատկերող տեսանյութեր, ինչպես դա վերջերս է արվում, ապա մենք ավելի սարսափելի կադրեր կտեսնեինք, քանի որ նախկինում բռնությունը կիրառվում էր դպրոցում կարգապահության հաստատման համար»,-ասել է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հոկտեմբերի 19-ի մամլո ասուլիսում: Ըստ նրա, այն, որ այժմ երեխաները սովորել են պաշտպանել իրենց իրավունքները, վկայում է հասարակության առողջացման մասին:
Միևնույն ժամանակ, ըստ Անահիտ Բախշյանի, նույնիսկ ամենաօրինակելի աշակերտները կարող են ձախողել դասը և նույնիսկ դրդել ուսուցչին բռնության: Ուստի, ուսուցիչն այնքան պրոֆեսիոնալ պետք է լինի, որ չենթարկվի դպրոցականների սադրանքներին:
«Ուսուցիչ լինելը, ոչ թե մասնագիտություն է, այլ կոչում»,-ասել է հոգեվերլուծաբան Ռուբեն Պողոսյանը՝ հավելելով, որ ժամանակակից փոփոխվող աշխարհում մեկ բան անփոփոխ պետք է մնա. ուսուցչի հեղինակությունը: