Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 21-ի նիստում հավանություն է տվել երկրում կենսապարարտանյութերի շուկայի զարգացման նախաձեռնությանը: Ինչպես ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը, այսօրվա դրությամբ Հայաստանը ներկրում է շուրջ 25-30 հազար տոննա ազոտի պարարտանյութ հիմնականում Իրանից ու ՌԴ-ից: 30հա հողատարածքների վրա փորձնականորեն կիրառվել է կենսապարարտանյութ, որի արդյունքում բերքատվությունն ավելացել է 30 տոկոսով: «Մենք որոշեցինք խթանել կենսապարարտանյութերի կիրառումը գյուղական տնտեսություններում: Դրանով կլուծվի նաև հողերի դեգրադացման հարցը: Ավելին, դա թույլ կտա նաև նվազեցնել պեստիցիդների պարունակությունը պտուղներում, ապահովելով համապատասխանությունը եվրոպական չափանիշներին, և արտահանել գյուղմթերքը»,-ասել է նա:
Գ.Ալավերդյանը նշել է, որ գնային տարբերությունը կենսապարարտանյութերի և ազոտային պարարտանյութի միջև մեծ չէ, իսկ կիրառման արդյունավետությունը շատ ավելի բարձր է: Ավելին, ըստ նախարարի, կենսապարարտանյութերի կիրառումը ակտիվորեն կներդրվի Հայաստանի մարզերում, իսկ դրանց արտադրությամբ կզբաղվեն տեղի մասնավոր ընկերությունները:
Ելույթ ունենալով կառավարության նիստում, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է գյուղնախարարին քննարկել կենսապարարտանյութերի կիրառումը Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ներկայացուցիչների հետ, որը առաջիկա 3 տարում 10 մլն դոլար կհատկացնի Հայաստանին հողերի դեգրադացման խնդիրը լուծելու համար: Ըստ վարչապետի, ԳԷՀ-ը միջոցներ կհատկացնի Հայաստանին կենսապարարտանյութերի կիրառման ու արտադրության համար: