Հայաստանը Եվրոպայի մաս է կազմում և հայ ժողովուրդն այդ նույն քաղաքակրթական արժեքների համար պայքարել է դարեր շարունակ: Այդ առումով Հայաստանի մերձեցումը եվրոպական ընտանիքին ընթանում է բնական կերպով, որովհետեւ մեր ժողովրդի մշակութային, դավանաբանական, լեզվական ու աշխարհընկալման առումներով սա վերադարձ չէ. խորքային արժեքային համակարգի տեսանկյունից մենք մնացել ենք նույն տեղում` հավատարիմ այն ակունքներին, որոնք նաեւ Եվրոպայինն են: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Երևանում Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարության ապագայի համար» համաժողովի փակմանը:
Նախարարը հայտարարել է, որ Ժողովրդավարության զարգացումը պետք է շարունակական լինի: «Ժողովրդավարությունը կենդանի օրգանիզմ է`ազգային, տարածաշրջանային եւ համընդհանուր յուրահատկություններով, որը ձեւավորվում եւ շարունակաբար զարգանում է: Ժողովրդավարությունը պետք է լինի շարունակական, այլապես այն կդադարի ժողովրդավարություն լինելուց»,-ասել է Նալբանդյանը: