«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն մտադիր է մինչև տարեվերջ ավելացնել իր վարկային պորտֆելը մինչև 90 մլրդ դրամ, հոկտեմբերի 26-ին հայտարարել է բանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: Ընդ որում, նա նշել է, որ վարկային պորտֆելը կապահովվի նաև նոր ապրանքի հաշվին, որով «Ամերիաբանկը» հանդես կգա հաջորդ շաբաթ, քանի որ այն մեծ հետաքրքրություն կառաջացնի և պահանջված կլինի: Ըստ Ջրբաշյանի, բանկի հիմնական հաճախորդներն են խոշոր բիզնեսն ու ՓՄՁ-ները և վարկային պորտֆելի հիմնական աճն այստեղ կլինի:
Բանկիրը հավաստիացրել է, որ բանկի վարկային պորտֆելը բավական հավասարակշռված է այն որոշումների հաշվին, որոնք «Ամերիաբանկն» առաջարկում է մանրածախ բանկինգի շրջանակներում: «Վերջին 2 տարում ամեն եռամսյակում ավելանում են ֆիզիկական անձանց ավանդները, ինչը վկայում է բանկի հանդեպ վստահության մասին»,-ասել է նա: Ջրբաշյանն ասել է, որ ֆիզիկական անձանց ավանդների ծավալի՝ 21 մլրդ դրամ ցուցանիշով բանկը մտնում է երկրի խոշորագույն հինգ բանկերի մեջ: Ըստ բանկիրի, դա լավ ցուցանիշ է, եթե հաշվի առնենք, որ «Ամերիաբանկի» կողմնորոշումը կորպորատիվ հաճախորդներն են:
Ինչ վերաբերում է «չաշխատող վարկերին», ապա, ըստ Ջրբաշյանի, այդ ցուցանիշը ամենացածրն է երկրի ողջ բանկային համակարգում և կազմում է 0,5 տոկոս՝ 4 տոկոս միջին ցուցանիշի դեպքում: