5 նոյեմբերի 2010 - 18:05 AMT
Վրաստանը լրտեսական ցա՞նց է բացահայտել

Վրաստանի ՆԳՆ-ն 13 հոգու է ձերբակալել, որոնք մեղադրվում են լրտեսության մեջ, նրանցից չորսը Ռուսաստանի քաղաքացի են: Այդ մասին լրագրողներին հայտնեց Վրաստանի ՆԳՆ հակահետախուզության բաժնի տնօրենի տեղակալ Օթար Օրջոնիկիձեն: «Վրաստանի ՆԳՆ հակահետախուզության բաժնի աշխատակիցների իրականացրած օպերացիայի արդյունքում տասնյակ մարդիկ հայտնաբերվեցին, որոնք համագործակցում կամ այս կամ այն կերպ կապված էին Ռուսաստանի հատուկ ծառայությունների, մասնավորապես ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի Գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) հետ»,- ասաց նա:

Օրջոնիկիձեի խոսքով, դա գործողության առաջին փուլն է, ընդ որում «բոլոր այդ անձինք ձերբակալվել էին դեռևս հոկտեմբերին»: Ձերբակալված անձանց հրապարակված ցուցակի համաձայն, Ռուսաստանի քաղաքացիների թվում կա երկու հայ` գործարար, «Սեիբոլտ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Գևորգյանն ու գործարար, «Սեիբոլտ» ընկերության վրացական մասնաճյուղի փոխտնօրոն Ռուբեն Շիկոյանը:

Նախարարության անունից Օրջոնիկիձեն օտար պետության հատուկ ծառայությունների հետ համագործակցող բոլոր անձանց կոչ արեց կամավոր դիմել նախարարություն: Իշխանությունների հետ համագործակցելու պայմանով նրանք կարող են ազատվել պատժից: