16 նոյեմբերի 2010 - 13:25 AMT
Հայաստանի գյուղատնտեսությունը խորը ճգնաժամ է ապրում

Գյուղատնտեսության խնդիրները խորապես հուզում են գյուղատնտեսության գիտությունների թեկնածու Գառնիկ Պետրոսյանին, որը երկար տարիներ աշխատելով այդ ոլորտում` չի հանդիպել նման ծանր իրավիճակ, որպիսին ստեղծվել է 2010 թվականին: Նրա խոսքով, ոլորտում մեծ անկումը, անխոս, ոչ բարենպաստ բնակլիմայական պայմանների արդյունքն է, սակայն գյուղմթերքի արտադրության ծավալների կրճատման վրա միայն դա չէ ազդում: «Ցավոք, չի ընդգծվում այն փաստը, որ գյուղատնտեսությունը խորը ճգնաժամ է ապրում»,- ընդգծեց նա նոյեմբերի 16-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում: Այդ համատեքստում մասնագետը նշեց, որ եթե տնտեսության այլ ոլորտներում ճգնաժամը վրա հասավ 2008-2009թթ., ապա գյուղատնտեսության ոլորտը ճգնաժամի ազդեցությունն իր վրա զգաց շատ ավելի ուշ: «Դա բնական է, քանի որ հաջորդ տարվա լավ բերքի հիմքը դրվում է նախորդ տարում»,- ասաց նա:

Գառնիկ Պետրոսյանն ավելացրեց, որ գյուղատնտեսության խնդիրների մասին ժամանակ առ ժամանակ են հիշում, քանի որ «դա մոռացված ոլորտ է»: Այդ կապակցությամբ նա բերեց տվյալներ, որոնց համաձայն հացահատիկի սերմնացանի տարածքը վերջին մի քանի տարում կրճատվել է 50 հազ. հա, իսկ կարտոֆիլի սերմնացանի տարածքը` 10 հազ. հեկտարով: «Այնպիսի իրադրություն է ստեղծվել, երբ հողը մշակելն այլևս արդյունավետ չէ: Երկրի կառավարությունը պետք է շտապ միջոցներ ձեռնարկի, որպեսզի գյուղացին զբաղվի հողով»,- ընդգծեց ագրոնոմը: