17 նոյեմբերի 2010 - 14:31 AMT
Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Ռուսաստանի հայերի միությանը հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Ռուսաստանի հայերի միությանը հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ և նշել է, որ հայ համայնքը ակտիվորեն մասնակցում է ՌԴ տնտեսության հզորացմանը, սոցիալական կյանքին ու հանրության արդիականացմանը:

«Ռուս և հայ ժողովրդները դարեր շարունակ կապված են եղել փոխադարձ հարգանքի վրա հիմնված անկեղծ բարեկամությամբ ու համակրանքով: Բարիդրացիության և սերտ համագործակցության ավանդույթները փոխանցվել են սերունդներին և նպաստել են մշակույթների փոխհարստացմանը: Իսկ հարյուր հազարավոր հայերի համար, որոնց թվում բազմաթիվ են ականավոր մարդիկ, Ռուսաստանը իրապես երկրորդ հայրենիք է դարձել»,-ասվում է ՌԴ նախագահի շնորհավորական ուղերձում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

ՌԴ նախագահը նշել է նաև, որ հայ հանրության ներկայացուցիչները Ռուսաստանում շատ բան են անում ազգամիջյան, միջկրոնական և մշակութային բազմազանության և համաձայնության պահպանման համար:

Նոյեմբերի 17-ին Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի ու Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը: