25 նոյեմբերի 2010 - 14:35 AMT
Հայաստանի նախագահը կարող է հրաժարվե՞լ մասնակցությունից ԵԱՀԿ գագաթնաժողովին

Քարոզչական պատերազմը մեծապես կարևորվում է այն երկրների համար, որոնք չկարգավորված հակամարտություններ ունեն: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Համլետ Հարությունյանը: Սակայն Հարությունյանը նշեց, որ եթե Ադրբեջանը իր քարոզչությունը վարում է, հիմնվելով ստի ու կեղծիքի վրա, ապա Հայաստանը հիմնվում է միայն փաստերի վրա: Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի ռազմաշունչ հայտարարություններին՝ Հարությունյանն ասել է, որ Իլհամ Ալիևը նման հայտարարություններ է անում, քանի որ չգիտի, թե ինչ է պատերազմը: «Ի տարբերություն Ալիևի, Սերժ Սարգսյանը, որն անցել է ղարաբաղյան պատերազմի բովով, գիտի, թե որքան դժբախտություն կբերի դա երկու երկրների ժողովրդներին:

Անդրադառնալով ՀՀ նախագահի որոշմանը ՆԱՏՕ-ի Լիսաբոնի գագաթնաժողովին չմասնակցելու վերաբերյալ՝ Հարությունյանն ասել է, որ ճիշտ է համարում այդ որոշումը: Նա նշել է, որ, հավանաբար, նման որոշում կայացնելուց առաջ նախագահը խորհրդակցել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի հետ: Պատգամավորը նաև քննադատել է ընդդիմությանը, որը սխալ է համարել այդ որոշումը:

Մեկնաբանելով այն, թե կարող է արդյոք Աստանայում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում ճանապարհային քարտեզ ստորագրվել, Համլետ Հարությունյանն ասել է, որ Հայաստանի նախագահը երբեք չի ստորագրի այնպիսի փաստաթուղթ, որը կարող է վնասել Հայաստանին կամ Արցախին, սակայն, չի բացառել, որ կարող է Աստրախանի հռչակագրի նման որևէ փաստաթուղթ ստորագրվել:

Պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի այն հարցին, թե կարո՞ղ է արդյոք ՀՀ նախագահը հրաժարվել մասնակցությունից ԵԱՀԿ գագաթնաժողովին, Հարությունյանն ասել է, որ ոչինչ չի կարելի բացառել: