Առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ ու կայուն հանգուցալուծման, անհնար է ասել, որ մենք ապրում ենք միասնական ու ազատ Եվրոպայում: Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Նա նշել է, որ Եվրամիության Արևելյան գործընկերության նախաձեռնման հիմնական նպատակն է կայունություն բերել Արևելյան Եվրոպայի տարածաշրջան: «Իսկ ինչ վերաբերում է անջատված տարածաշրջաններին՝ Մերձդնեստրին, Աբխազիային, Հարավային Օսեթիային, կարող եմ միայն հիշեցնել, որ ԵՄ-ն միանշանակ սատարում է Մոլդովայի ու Վրաստանի տարածքային ամբողջականությանը: Առանց այդ խնդիրների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի հանգուցալուծման, մենք չենք կարող խոսել այն մասին, որ ապրում ենք ազատ ու միասնական Եվրոպայում»,-ասել է Բուզեկը: