1 դեկտեմբերի 2010 - 12:50 AMT
Սլովենիայի նախագահը Սերժ Սարգսյանին հրավիրել է եկող տարի պաշտոնական այց կատարել Սլովենիա

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մասնակցել է ԵԱՀԿ 7-րդ գագաթնաժողովին, որի շրջանակներում Հանրապետության ղեկավարը հանդիպում է ունեցել Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրկի հետ:

Նախագահներ Սարգսյանը և Թյիրկը քննարկել են հայ-սլովենական հարաբերությունների զարգացմանը, միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Սլովենիայի նախագահը ջերմությամբ է հիշել հոկտեմբերին Հայաստան կատարած իր պաշտոնական այցը, որը նախագահ Թյիրկի համոզմամբ, կարևոր խթան հանդիսացավ երկու երկրների միջև հարաբերությունների ակտիվացման, համագործակցության ուղղությունների նախանշման և մի շարք ոլորտներում երկկողմ կապերն ամրապնդող փաստաթղթերի ստորագրման համար:

Նախագահ Թյիրկը, հանդիպման պատեհ առիթն օգտագործելով, Սերժ Սարգսյանին հրավիրել է եկող տարի պաշտոնական այց կատարել Սլովենիա, որը Հանրապետության ղեկավարը շնորհակալությամբ ընդունել է:

Աստանայում նախատեսվում են նաև նախագահ Սերժ Սարգսյանի երկկողմ այլ հանդիպումներ, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: