1 դեկտեմբերի 2010 - 21:14 AMT
Ստամբուլում կայացած համաժողովում հայկական պատվիրակությունը հակահարված տվեց Բաքվի հակահայկական քարոզչությանը

Հայաստանի Արդարադատության նախարարության պատվիրակությունը` փոխնախարար Նիկոլայ Առուստամյանի գլխավորությամբ մասնակցեց Եվրոպական Խորհրդի Արդարադատության նախարարների 30-րդ համաժողովին, որը կայացավ նոյեմբերի 24-27 Ստամբուլում: Ելույթ ունենալով համաժողովում` Ադրբեջանի արդարադատության նախարարը հայտարարեց, որ Ադրբեջանում բանտերը գերհագեցած են, և այդ կապակցությամբ անհրաժեշտ է բանտեր կառուցել Նախիջևանում, ինչը պայմանավորված է, իբր, «հարևան երկրի ագրեսիայով և Ադրբեջանի տարածքների 20%-ի օկուպացմամբ»:

Ի պատասխան Հայաստանի արդարադատության փոխնախարար Նիկոլայ Առուստամյանն ադրբեջանական պատվիրակությանը կոչ արեց չշեղվել համաժողովի հիմնական թեմայից և նման ձևաչափի միջոցառումը չօգտագործել քաղաքական հայտարարությունների համար` ավելացնելով, որ նման պնդումների համար ադրբեջանական կողմը չունի իրավական հիմքեր, հաղորդում է ՀՀ Արդարադատության նախարարության մամլո ծառայությունը: