11 դեկտեմբերի 2010 - 11:07 AMT
Մոսկվայում հայ գործարար է սպանվել

Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում ավտոմեքենայում հայտնաբերվել է գլխի հրազենային վնասվածքով տղամարդու դիակ: Ինչպես հայտնում է Ինտերֆաքսը, սպանվածը ծնունդով Հայաստանից է, գործարար Արա Խաչատրյանը: Նա «Լուդինգ-ՍՊԲ» ընկերության գլխավոր տնօրենն էր, որը զբաղվում էր ալկոհոլային խմիչքների վաճառքով, գրում է Life News-ը:

«Լուդինգ-ՍՊԲ»-ն Ռուսաստանում էլիտար ալկոհոլի ներմուծմամբ զբաղվող խոշորագույն ընկերության պետեբուրգյան մասնաճյուղն է: Այսօր «Կոմերսանտ» թերթը, հղում անելով ՌԴ նախագահի աշխատակազմին մոտ աղբյուրին, հայտնել է, որ «Կրեմլյովսկի» առևտրի տուն» ունիտար ձեռնարկությունը, որը ՌԴ նախագահի գործերի վարչության ենթագերատեսչական ձեռնարկություն է, լիցենզիոն պայմանագիր է կնքել Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի հետ՝ «Կրեմլյովսկայա պրեմիա» (Kremlin Award) կոնյակի արտադրության մասին: Կոնյակը կարտադրվի Հայաստանում: «Լուդինգ» ընկերության հիմնադիրներն են երկու հայ գործարարներ՝ Արթուր Վարժապետյանն ու Արմեն Շահազիզյանը: Հայաստանում «Լուդինգի» գործընկերն է «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատը, որի ղեկավարն է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: