Դեկտեմբերի 14-ին Երևանում կայացավ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման խնդիրներին նվիրված խորհրդաժողով:
Քննարկման ընթացքում «Արմենիան Կապր Փրոգրամ» ընկերության տնօրեն Գագիկ Արզումանյանն ասաց, որ հանքավայրի շահագործումն 81 մարդու համար աշխատատեղ ապահովեց: «Պաշտոնական վիճակագրության համաձայն մարզի տղամարդկանց մոտ 50%-ը գումար վաստակելու համար արտասահման է մեկնում, այսօր հանքավայրի շահագործման շնորհիվ ապահովված են մոտ 85 ընտանիքներ»,- հաղորդեց նա:
Արզումանյանի խոսքով, անտառների 357 հեկտարն անպայման վերականգնվելու է մոտակա տարիներին: «Բացի ծառատունկից անհրաժեշտ է առնվազն 5 տարի, և նման աշխատանքի արդյունքում անտառային գոտին ամբողջությամբ կվերականգնվի»,- ասաց նա:
Արզումանյանը նաև ավելացրեց, որ «մարդու ողջ գործունեությունը միշտ որոշակի վնաս է հասցրել շրջակա միջավայրին, և անհնար է շահագործել Թեղուտի հանքավայրը առանց որևէ բնապահպանական վնաս հասցնելու»: Ընդ որում` նա նշեց, որ տվյալ շրջանի ջրին նվազագույն վնաս է հասցվելու: