14 դեկտեմբերի 2010 - 21:10 AMT
Հայաստանի պաշտպանության նախարարն այցելել է հակաօդային պաշտպանության զորամաս

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է հակաօդային պաշտպանության զորամասերից մեկը, ծանոթացել զինծառայողների ծառայության պայմաններին:

Կարևորելով հակաօդային պաշտպանության զորքերի դերը խաղաղության պահպանման գործում` Սեյրան Օհանյանը նշել է, որ Արցախյան փառավոր պատերազմում ՀՕՊ զորքերի ստեղծած ավանդույթների պահպանմամբ, ինչպես նաև գերազանց ծառայությամբ է հնարավոր անառիկ պահել մեր հայրենիքի խաղաղ երկինքը:

Մասնակցելով զորամասի սպաների համար նախատեսված բնակելի շենքի բացման արարողությանը` ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ զինծառայողների բնակարանային պայմանների բարելավումը գտնվում է հանրապետության ղեկավարության ուշադրության կենտրոնում, և մշտապես ամեն ինչ արվելու է, որպեսզի զինծառայողները զերծ լինեն կենցաղային խնդիրներից և հստակորեն կատարեն իրենց պարտքը հայրենիքի նկատմամբ, հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը: