18 դեկտեմբերի 2010 - 10:05 AMT
Սյունիքի մարզի և Հայ-կանադական առեւտրաարդյունաբերական պալատը ստորագրել են համագործակցության պայմանագիր

Սյունիքի մարզի եւ Հայ-կանադական առեւտրաարդյունաբերական պալատի ու Կանադայի տեղեկատվայնացման միջազգային ակադեմիայի միջեւ դեկտեմբերի 17 ստորագրվեց համագործակցության վերաբերյալ պայմանագիր: Փաստաղթուղթն ստորագրեցին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը եւ պալատի տնօրենների խորհրդի նախագահ Ազատ Վարդանյանը:

Կողմերի միջեւ համագործակցությունն ուղղված է լինելու Սյունիքի մարզի զարգացմանը, մի շարք` կրթության, առողջապահության, զբոսաշրջության, լեռնահանքային ու վերամշակման ոլորտներում ծրագրերի իրականացմանը:

Ըստ ստորագրված փաստաթղթի` պալատն աշխատանքներ է իրականացնելու ներդրումների ներգրավման, միջազգային ծրագրերի ֆինանսավորման կազմակերպման, Հայաստանում նախագծերի իրագործմանը կանադական առաջատար ընկերությունների եւ կազմակերպությունների ներգրավման ուղղությամբ:

Կանադայի տեղեկատվայնացման միջազգային ակադեմիան (այն ՄԱԿ-ի Գերագույն խորհրդատվական ստատուսի (ԷԿՈՍՈՍ) կազմում գործող ոչ կառավարական կազմակերպություն է) նախատեսում է Հայաստանում գտնվող իր մասնաճյուղի միջոցով Սյունիքի մարզում ստեղծել լեռնահանքային եւ լեռնավերամշակման, կառավարման բնագավառների մասնագետների պատրաստման ու վերապատրաստման ուսումնական կենտրոն:

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը ողջունեց փաստաթղթի ստորագրումը` նմանատիպ համագործակցությունները կարեւոր համարելով տարածքների համաչափ զարգացման տեսանկյունից: Ընտրված ոլորտները նա մարզի համար առաջնային համարեց եւ հույս հայտնեց, որ առաջիկա տարիներին գործակցության արդյունքները տեսանելի կլինեն, հայտնում են Տարածքային կառավարման նախարարության մամլո-ծառայությունից: