18 դեկտեմբերի 2010 - 15:03 AMT
Լևոն Հովսեփյան. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկումը Թուրքիայի վրա ճնշման հերթական լծակ է

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկումը Թուրքիայի վրա ճնշման հերթական լծակ է: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է թուրքագետ Լևոն Հովսեփյանը: Նրա խոսքերով, վերջին ժամանակները թուրք-ամերիկյան հարաբերությունները բավական բարդացել են, իսկ երկրների միջև ձևավորվել է անվստահության մթնոլորտ: «Տվյալ պահին Թուրքիայի և ԱՄՆ շահերը շատ հարցերում համընկնում են»,- ասել է Հովսեփյանը: Նա նաև չի բացառել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում բանաձևի քննարկումը: Սակայն հայ փորձագետը կարծում է, որ այն չի մտնի Պալատի օրակարգ:

Անդրադառնալով Թուրքիայի հնարավոր գործողություններին` Հովսեփյանն ասել է, որ երկրի ղեկավարությունը հանդես կգա հերթական հայտարարություններով այն մասին, որ դա կարող է խանգարել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:

Այն մասին, որ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը կարող է քննարկվել Ներկայացուցիչների պալատում առաջիկա 48 ժամվա ընթացքում, նախօրեին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի մամլո քարտուղար (ANCA) Էլիզաբեթ Չուլջյանը: Նրա խոսքերով, ANCA-ն կոչ է անում ԱՄՆ հայերին զանգահարել իրենց կոնգրեսականներին և պահանջել նրանցից քվերակել 252 բանաձևի ընդունման օգտին:

ANCA-ն, ինչպես նաև շոու բիզնեսի հայազգի անվանի ներկայացուցիչները նախաձեռնել են ակցիա, որը կոչ է անում Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին քվեարկության դնել Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևը: