26 մայիսի 2003 - 00:28 AMT
ՉՆԱՅԱԾ ԲԱԶՄԱԹԻՎ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ, ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԱՅՍՕՐ ԱՎԵԼԻ ՀԱՆԳԻՍՏ Է, ՔԱՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ, ԳՏՆՈՒՄ Է ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ
Խորհրդարանական ընտրությունների քվեարկության ընթացքը, չնայած արդեն արձանագրված բազմաթիվ խախտումներին, ամբողջությամբ վերցրած ընթանում են առավել հանգիստ մթնոլորտում, քան անցած նախագահական ընտրությունները: Այդ մասին այսօր «Արմինֆո» գործակալությանն է հայտարարել ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի մամուլի քարտուղար Ռուզաննա Խաչատրյանը: Համաձայն նրա ներկայացրած տեղեկատվության, Գրողների տանը տեղակայված ընտրատեղամասում ոստիկանության ներկայացուցիչներն անցուդարձ են կատարել շենքում, եւ չնայած վստահված անձանց պահանջներին, չեն համաձայնվել հեռանալ շենքից: Թիվ 97 դպրոցում տեղակայված ընտրատեղամասում զինծառայողների ցուցակները կնքված չեն եղել: Թիվ 75 դպրոցում ընտրահանձնաժողովի նախագահը կնիքը դուրս է հանել եւ այն վերադարձրել միայն 40 րոպե հետո: Թիվ 17 մանկապարտեզում տեղակայված ընտրատեղամասում արձանագրվել են ուրիշի անձնագրով քվեարկելու դեպքեր: Մայիսյան գյուղում պատգամավորի թեկնածու Աշոտ Աղաբաբյանի զինակիցները, որն առավել հայտնի է «Բուրնաշ» մականունով, վստահված անձանց դուրս են հանել ընտրատեղամասից`«բաց քվեարկություն» անցկացնելու նպատակով: Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի որոշ տեղամասերում Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները ծեծի են ենթարկել պատգամավորական թեկնածուների վստահված անձանց: 0356/16 ընտրատեղամաւմ հանձնաժողովի նախագահն ընտրողների հետ մտել է քվեարկության խցիկ եւ ստուգել, թե ում են նրանք տալիս իրենց ձայները: «Կոմբիկորմի Վլադ» մականունով պատգամավորի թեկնածու Վլադ Հակոբյանի նախընտրական շտաբում բնակչությանը կաշառք է բաժանվել: Թիվ 19 մանկապարտեզի տնօրենն ակտիվ քարոզչություն է վարել պատգամավորի թեկնածու Խաչատուր Սուքիասյանի օգտին: