24 դեկտեմբերի 2010 - 17:11 AMT
Լավ կլիներ, եթե Էլնուր Մուսաևը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին ուղղված նամակում նշեր, թե ում դեմ են ուղղված Բաքվի տարեցտարի աճող ռազմական ծախսերը

Լավ կլիներ, եթե Ադրբեջանի գլխավոր դատախազության ներկայացուցիչ Էլնուր Մուսաևը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին ուղղված նամակում նշեր, թե ում դեմ են ուղղված Բաքվի տարեցտարի աճող ռազմական ծախսերը և հատկապես որ տարածաշրջանի խաղաղությանն է դա սպառնում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ ներկայացուցիչ, պատգամավոր Արտակ Զաքարյանը՝ մեկնաբանելով այն, որ Մուսաևը նամակ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին, որտեղ ասվում է, որ հայ զինվորների ծառայությունը Ղարաբաղում ապօրինի է:

«Անշուշտ, Մուսաևը մոռացել է, որ ՄԱԿ-ի սովորական սպառազինության մասին ռեգիստրի համաձայն, Ադրբեջանը 2009թ. տարբեր երկրներից ձեռք է բերել զենիթահրթիռային համալիրներ և ռազմաօդային միավորներ»,-ասել է նա՝ հավելելով, որ Բաքուն նույնիսկ չի թաքցնում, որ պատրաստ է կիրառել այդ ամենը Արցախի ժողովրդի դեմ: «Հայաստանը բազմիցս է հայտարարել, որ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորն է: Կարծում եմ, այդ մասին գիտեն նաև ՄԱԿ-ում»,-նշել է նա:

Զաքարյանը նշել է, որ եթե Ադրբեջանն այդքան մտահոգ է ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, ավելի լավ է, թող մտածի այն մասին, որ ԵԱՀԿ և ՄԽ համանախագահ երկրների մի շարք հայտարարություններում ասվում է ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ինքնորոշման իրավունքի մասին:

«Իսկ այն, ինչ վերաբերում է այս ամենի տարածմանը մի շարք հայկական ԶԼՄ-ների կողմից, ես խորհուրդ կտայի նրանց որևէ բան հրապարակելուց առաջ, մտածել, որ սպառնալով Արցախին, Ադրբեջանը սպառնում է նաև Հայաստանին և այն ամենն, ինչ արվում է մեր կողմից ուղղված է տարածաշրջանում անվտնագության ապահովմանն ու կայունության հաստատմանը տարածաշրջանում»,-ասել է նա: