24 դեկտեմբերի 2010 - 19:20 AMT
Անհասկանալի է, թե ինչպես են դելֆինները հայտնվել Հայաստանում

«Մեզ այդպես էլ չհաջողվեց պարզել, թե ով է Երևանի դելֆինարիումի սեփականատերը և ինչպես է կատարվել ծովային կենդանիների տեղափոխումը Հայաստան»,-մամլո ասուլիսում հայտարարել է «Էկոդաշինք» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը: Ըստ նրա, ներկրումը պետք է կատարված լինի կամ Վրաստանի, կամ Իրանի տարածքով: «Մաքսավորները ժխտում են այդ փաստը, և անհասկանալի է, թե ինչպես են կենադնիները հայտնվել Հայաստանում: Այս ամենից տեսանելի է, որ դա շահավետ է որոշ անձանց համար, որոնք շահից բացի ոչինչ չեն տեսնում»,-ասել է նա:

Ըստ «Pro Paws» ՀԿ-ի նախագահ Էլսիկ Ազիզյանի, այս պահին Ուկրաինայում հետաքննություն է սկսվել «Ներում» ընկերության հանդեպ, որը դելֆիններ է ներկրել Հայաստան:

Երևանի դելֆինարիումի շինարարությունն իրականացրել է ուկրաինական «Ներում» ընկերությունը: Օդեսայից Երևան է բերվել 4 դելֆին, 2 ծովակատու: Հայաստանում այս պահի դրությամբ կազմավորվում է Դելֆինների պաշտպանության խումբ:

Վերջերս Խորվաթիայում արգելվեցին դելֆինարիումները: Փակվում են դրանք նաև Անգլիայում, նաև ԱՄՆ որոշ նահանգներում: