25 դեկտեմբերի 2010 - 17:18 AMT
Երևանում մեկնարկեց «Ձմեռային փառատոն Հայաստան-2010»-ը

Դեկտեմբերի 25-ին Երևանում մեկնարկեց «Ձմեռային փառատոն Հայաստան-2010»-ը: Փառատոնի մեկնարկը նշանավորած երթն ընթացավ քաղաքապետարանից դեպի Սիրահարների այգի: «Մենք կփորձենք տոն ստեղծել, և այսօր Սիրահարների այգում մինչ երեկո կհնչեն երգեր, պարային երաժշտություն, տոնավաճառ, կլինի Կաղանդ պապին (հայկական Ձմեռ Պապը), ինչպես նաև տոնածառերի ցուցահանդես: Երթին մասնակցում են սոցիալական բնույթի տարբեր կերպարներ, անգամ աղբամանի, ծխախոտի, լուսաֆորի կերպարներ կան, ինչով մենք մարդկանց կոչ ենք անում աղբը չթափել որտեղ պատահի, չծխել և փողոցն անպայման անցնել լուսաֆորին հետևելով»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ կիսվել է «Կանաչաստան» հասարակական կազմակերպության նախագահ, փառատոնի նախաձեռնող և կազմակերպիչ Րաֆֆի Նիզիբլյանը:

Նա Հայաստանի բնակիչներին Ամանորին փոխադարձ հարգանք և սեր է մաղթել:

Դեկտեմբերի 25-ից հունվարի 6-ը Երևանում տեղի կունենա «Ձմեռային փառատոն Հայաստան-2010»` «Միասին գունազարդենք ձմեռը» կարգախոսով, որի շրջանակներում մի շարք հետաքրքիր միջոցառումներ տեղի կունենան Սիրահարների այգում, այդ թվում` համերգներ բաց երկնքի տակ` ջազ, բլյուզ, ռոք, ինչպես նաև ակումբային երաժշտության երեկո` դիջեյների մասնակցությամբ: