27 դեկտեմբերի 2010 - 18:14 AMT
ԼՂՀ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին ու նրանց հավասարեցված անձանց միանվագ դրամական օգնություն կհատկացվի

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 25-ին ստորագրել է կարգադրություն Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բնակվող Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին, Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին եւ մասնակիցներին հավասարեցված անձանց, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների ընտանիքների անդամներին` թվով 449 հոգու, 25 հազարական դրամի չափով միանվագ դրամական օգնություն ցույց տալու մասին:

Ըստ կարգադրության` Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի ֆոնդից 11 միլիոն 225 հազար դրամ է հատկացվել Արցախի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը` դրամական օգնության վճարումն ապահովելու համար:

Արցախի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը հանձնարարական է տրվել համապատասխան միջոցներ ձեռնարկել սույն կարգադրության կատարումն ապահովելու ուղղությամբ եւ այդ մասին հաշվետվություն ներկայացնել նախագահին, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: