Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը 2011-ը դիմավորելու է Սևանում: «Վերջին 3 տարին մենք Ամանորը նշում ենք քաղաքից դուրս: Հատկապես աչքի է ընկել 2010-ը, քանի որ մենք ճանապարհորդել ենք Եվրոպայում. շատ հետաքրքիր էր, ուղղակի հիանալի»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մինասյանը:
Նոր տարին Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի համար ընտանեկան տոն է, որն անցնում է հետաքրքիր և ուրախ: «Երբ դու փոքր ես, սպասում ես շատ նվերների և ինչ-որ հեքիաթային բանի: Իսկ երբ մեծանում ես, ցանկանում ես, որպեսզի Նոր տարին քո երեխաների համար դառնա իսկական տոն և քո նվերները դուր գան նրանց»:
Մինասյանը ցանկանում է, որպեսզի 2011-ը բոլորի համար լինի հաջողակ, երջանիկ և ուրախ տարի: «Ֆուտբոլի երկրպագուներին մաղթում եմ, որպեսզի այս տարի ավելի հաճախ ուրախանան Հայաստանի հավաքականի ձեռքբերումներով»,- ասել է Մինասյանը: