10 հունվարի 2011 - 16:17 AMT
Ալեքսանդր Լուկյանով. Ղարաբաղյան հակամարտության կողմերը դեռևս հաջողության հասնելու շանս ունեն

Բանակցություններն անհրաժեշտ են, և այսօր կողմերը դեռևս հաջողության հասնելու որոշակի շանս ունեն: Այդ մասին հայտնել է ՄՊՀ աշխարհագրության ֆակուլտետի գիտաշխատող, քաղաքական աշխարհագրության բնագավառի մասնագետ Ալեքսանդր Լուկյանովը: «Դրան, նախ և առաջ, դրդում է հենց հակամարտության շուրջ ստեղծված իրադրությունը: Հակամարտությունը լուծելու առնվազն փորձերի անհրաժեշտությունը շատ կարևոր է: Երկրորդը` գտնում եմ, որ այսօր հակամարտության լուծման հարցում որոշակի իրական առաջխաղացումներ են հնարավոր: Դրանց առկայությունը ես կապում եմ Անկարայի ու Երևանի հարաբերությունների հետ, որոնք տեսանելի ապագայում պետք է նոր հարթություն դուրս գան: Չնայած, որ դիվանագիտական հարաբերությունների կարգավորման գործընթացը ճահճացել է, վստահ եմ, որ դրան այլընտրանք չկա: Այդ գործընթացը բխում է և' Երևանի, և' Անկարայի շահերից»,- նշել է նա:

Նա ընդգծել է նաև, որ չի բացառում Իրանի շուրջ իրադրության կտրուկ վատթարացման տարբերակը, որին կարող է հաջորդել ԻԻՀ հանդեպ ուժային ակտ Արևմուտքի և Իսրայելի կողմից: «Այդ առումով անմիջապես կսրվի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը: Բանը նրանում է, որ նման իրադրության մեջ Արևմուտքի համար ավելի կարևոր և արժեքավոր կլինի Ադրբեջանի, քան Հայաստանի աջակցությունը: Այդ դեպքում Բաքուն կարող է պնդել նախ իր հակամարտության լուծման հարցում, իսկ արդեն հետո խոսել Իրանի հիմնախնդրում իր ներգրավման մասին: Այսինքն` նա կարող է որոշակի քաղաքական դիվիդենդներ ստանալ միջազգային մակարդակով»,- ասել է ռուս փորձագետը, հաղորդում է Day.az-ը: