11 հունվարի 2011 - 13:43 AMT
Կիևում տեղի կունենա ՎՈՒԱՄ ԱԳՆԽ գագաթնաժողովը

Կիևում մինչև ամսվա վերջ հավաքվելու են Հանուն ժողովրդավարության և տնտեսական համագործակցության կազմակերպության` ՎՈՒԱՄ, անդամ երկրների ԱԳՆ ղեկավարները կազմակերպության շրջանակներում հետագա փոխգործակցությունը քննարկելու համար: Ինչպես հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը, Ուկրաինայի ԱԳՆ-ն պետք է անդամ երկրներին ներկայացնի հանդիպման ստույգ ամսաթիվը և համաձայնեցնի այն նրանց հետ, որից հետո սկսվելու է աշխատանքն օրակարգի վրա:

Հանդիպում անցկացնելու մասին որոշումն ընդունվել է ՎՈՒԱՄ ԱԳՆԽ նիստում 2010-ի դեկտեմբերի 2-ին Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողովի շրջանակներում:

Կիևում սպասվում է կազմակերպության շրջանակներում համագործակցության արդի հարցերի քննարկումը, այդ թվում` Ուկրաինայի նախագահության, ձգձգվող հակամարտությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության հիմնական ուղղությունների հարցերը: