12 հունվարի 2011 - 18:14 AMT
2011 թվականից Հայաստանը միգրացիաների հարցում կհամագործակցի Շվեդիայի ու Լիխտենշտեյնի հետ

Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ՏԿՆ միգրացիոն պետական ծառայությունում, որի ընթացքում ներկայացվեցին կառույցի կողմից 2010թ-ին կատարված աշխատանքները և 2011 թ-ի ծրագրերը:

Ինչպես հաղորդում է նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը, 2010 թվականին վավերացվել է ոլորտին վերաբերող 3 միջազգային պայմանագիր: Երկու երկրի` Ռուսաստանի Դաշնության և Չեխիայի հետ կնքվել են ռեադմիսիոն համաձայնագրեր: Հայաստանը ներկայումս այդպիսի համաձայնագրեր ունի 13 պետության հետ, ևս չորս երկրի հետ շարունակվում են բանակցությունները` նմանատիպ փաստաթղթերի ստորագրման ուղղությամբ: Միգրացիոն ոլորտում առավել ընդլայնված համագործակցության հաստատման վերաբերյալ բանակցություններ են վարվում Ֆրանսիայի և Քաթարի հետ: Ոլորտում 2011թ. երկկողմ գործակցություն կծավալվի Շվեդիայի, Լիխտենշտեյնի հետ:

Աշխատանքներ են կատարվել ոլորտի օրենսդրության բարելավման, միջպետական պայմանագրերի կնքման, ինչպես նաև միգրացիոն կառավարման համակարգը ԵՄ համակարգին համապատասխանեցնելու ուղղությամբ: Այդ նպատակին է ուղղված «Աջակցություն միգրացիոն մարմնի կարողությունների հզորացմանը» ծրագիրը, որի իրականացումը նախատեսվում է 2012թ-ից և տևելու է 27 ամիս:

2011թ. անելիքներից առանձնացվեց նաև «ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի» իրականացումն ապահովող գործողության ծրագրի, Հայաստանից անկանոն միգրացիոն հոսքերի ծավալների կրճատման վերաբերյալ առաջարկությունների մշակումն ու ներկայացումը ՀՀ կառավարություն և այլն: