14 հունվարի 2011 - 17:13 AMT
Նախկին վարչապետ. Հայաստանի մանրածախ առևտրի 65 տոկոսը 4 սուպերմարկետ է իրականացնում

Հայաստանում գնաճի բարձր տեմպերի պատճառն այն է, որ այժմ մենաշնորհային է դարձել ոչ միայն ներկրվող ապրանքի մեծածախ առևտուրը, այլ նաև մանրածախ առևտուրը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: «Հայաստանի մանրածախ առևտրի 65 տոկոսը 4 սուպերմարկետ է իրականացնում՝ «Սթարը», Երևան սիթին», «Ֆրեշը» և «Սասը»: Այդ սուպերմարկետները շուկայից դուրս են մղում մանր սուբյեկտներին, քանի որ իրենց մասշտաբների շնորհիվ կարող են առավել ցածր գին առաջարկել, սակայան, հետագայում այդ գներն աճում են ու երբեք չեն իջնում»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետարանի փողոցային առևտուրն արգելելու մտադրությանը, ապա Բագրատյանը գտնում է, որ հարկավոր է ոչ թե արգելել, այլ Երևանի տարբեր շրջաններում հանգստյան օրերին հարկավոր է կազմակերպել գյուղատնտեսական ապրանքների տոնավաճառներ: «Նույնիսկ Փարիզում են նման տոնավաճառներ կազմակերպվում»,-ասել է նա: