Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի ջրամատակարարման խնդիրները քննարկելու նպատակով քաղաքապետարանում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն` պատասխանատու կառույցների` «Երևան Ջուր» ընկերության, Ջրային տնտեսության պետական կոմիտեի և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Երևանի քաղաքապետը նշեց, որ բնակչությանն ամենահուզող խնդիրներից մեկը ջրամատակարարման որակն է, և պետք է լուրջ ու հետևողական աշխատանք տարվի մայրաքաղաքի ջրամատակարարման ընդհանուր վիճակը բարելավելու համար:
«Մայրաքաղաքում ջրամատակարարման վիճակը պետք է լուրջ բարեփոխումների ենթարկվի»,- ընդգծեց Երևանի քաղաքապետը: «Երևան Ջուր» ընկերության գլխավոր տնօրենը ներկայացրեց ջրամատակարարման բարելավման ընկերության ծրագրերը: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` նման քննարկումները պարբերական բնույթ կկրեն, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: