17 հունվարի 2011 - 13:36 AMT
Իգոր Գերասիմով. Հարավային Սուդանի հանրաքվեն, ինչպես և սպասվում էր, տեղի ունեցավ առանց արյունահեղության և խնդիրների

Հարավային Սուդանի հանրաքվեն, ինչպես և սպասվում էր, տեղի ունեցավ առանց արյունահեղության և խնդիրների: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտարարել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի արևելյան ֆակուլտետի դոցենտ, Սուդանի հարցով մասնագետ Իգոր Գերասիմովը: Նրա խոսքերով, դեռ 2000-ին Հարավային և Հյուսիսային Սուդանը հանգել են ընդհանուր համաձայնության, և Հասան ալ-Թուրաբին` իսլամիստների առաջնորդը, որը նախկինում չէր ճանաչում քրիստոնյաներին, փոխել է իր դիրքորոշումը: «Երկրի հարավի բնակչությունը հիմնականում քրիստոնյա է, կան նաև տեղի հավատներին հարողներ` ֆետիշիստներ և անիմիստներ: Քրիստոնյաները հիմնականում բողոքական են, բայց կան նաև կաթոլիկներ: Սահմանադրությամբ Հարավային Սուդանի ղեկավարը երկրի փոխնախագահն է, և դեռևս իրավիճակը երկրում կայուն է: Ինչպես գիտեք, հանրաքվեի ընթացքին հետևում է ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարտերը, և դա խոսում է այն մասին, որ ԱՄՆ-ն շահագրգռված է, որպեսզի այն հանգիստ ընթանա»,- նշել է Գերասիմովը:

Նա հիշեցրել է, որ երկրի հիմնական նավթային պաշարները կենտրոնացած են Հարավում: «Բայց խողովակաշարը, որով նավթը մղվում է Մալազիա, Հնդկաստան և Չինաստան, գնում է հյուսիսից մինչև Պորտ Սուդան: Երբ նրանք սկսեն կիսել նավթից ստացված եկամուտները, այդ ժամանակ հնարավոր է իրավիճակի վատթարացում»,- ասել է փորձագետը: