19 հունվարի 2011 - 13:09 AMT
Հրաչյա Արզումանյան. Կոսովոն, Սուդանը և մյուսները օրինակ չեն կարող ծառայել Արցախի համար

Աշխարհ մակարդակով միտումները միանգամայն ակնհայտ են՝ ինքնորոշման իրավունքը գնալով դառնում է հիմնական: Եվ եթե Կոսովոն, Սուդանը և մյուսները օրինակ չեն կարող ծառայել Արցախի համար, այնուամենայնիվ, կարելի է հասկանալ և կանխատեսել, թե ինչ է սպասում հայկական աշխարհին մոտ ապագայում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է արցախցի փորձագետ Հրաչյա Արզումանյանը: Ըստ նրա, այժմ վերափոխվում է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված աշխարհը և Հայաստանն ու Արցախը պետք է պատրաստ լինեն դիմակայելու նոր մարտահրավերներին:

«Զուգահեռների անցկացման և այլ երկրներին հարմարվելու քաղաքականությունը ձախողման է դատապարտված: Կոսովոյի և Սուդանի հանրաքվեները, Պաղեստինի անկախության հնարավոր ճանաչումը՝ այս ամենը Մեծ խաղի դրվագներ են, որը սկսում է կանխորոշել 21-րդ դարի նոր իրողությունները: Վաղ թե ուշ այդ Մեծ խաղը կգա նաև Հարավային Կովկաս»,-նշել է նա:

Միևնույն ժամանակ արցախցի փորձագետն ընդգծել է, որ երկու հայկական պետությունները պետք է պատրաստ լինեն իրադարձությունների նման զարգացմանը: «Անսպասելի զարգացումներն այս հարցերում անխուսափելի են, որովհետև երբեք չես կարող ճշգրիտ կանախտեսել, թե երբ կսկսվի խաղը Հարավային Կովկասում: Սակայն, հարկավոր է աշխատել որքան հնարավոր է արագ ձերբազատվել ռազմավարական շոկից, որն անխուսափելի է: Դրա համար հարկավոր է ակտուալ ռազմավարական հայեցակարգ մշակել ողջ հայկական աշխարհի համար: Հարկավոր է նաև նկատի ունենալ, որ նման շոկ կարող է ունենալ նաև Ադրբեջանը և այդ առումով հարկավոր է կանխել Բաքվի գործողությունները»,-ասել է Արզումանյանը: